Ինչպե՞ս և ինչո՞վ զբաղեցնել մեր մշտապես ակտիվ ու չարաճճի բալիկներին :)

Ահա մի քանի հետաքրքիր միտք-հիշեցում :)

1. Գետնին դնում եք A1 չափսի սովորական թուղթ, երեխան պառկում է վրան, մատիտով ուրվագծում եք ✏️ և «գործի» ձեր մասը համարում եք ավարտված: Երեխային գունավոր մատիտներ ու ֆլոմաստերներ եք տալիս և առաջարկում «իր» վրա ավելացնել աչքերը, քիթը, բերանը, հագուստը և այլն… Երեխաները հաճույքով նկարում են հատկապես երբ հասակակից հյուրեր են ունենում: 

2. Թղթի վրա փոքրիկ խզբզում եք, իսկ երեխան պետք է այդ խզբզածից իր գունավոր մատիտներով կամ գրիչով ինչ-որ կոնկրետ պատկեր ստանա ✏️ Շատ հարմար է սա խաղալ, երբ ինչ-որ տեղ ինչ-որ բանի եք սպասում, քանի որ բացի թուղթ ու գրիչից ոչինչ պետք չէ: Հետաքրքիր է լինում, երբ խաղում են 1-ից ավելի երեխաներ: Հենց իրենք են խզբզում «մրցակցի» թղթի վրա, որ տեսնեն, թե ով ավելի հետաքրքիր պատկեր հետո կստանա:

3. Ոնց-որ թե բոլոր բալիկներն էլ սիրում են սառնարանի վրա փակցվող մագնիսները: Նախօրոք պատրաստեք մագնիսիկներ (կարելի է խանութից գնել էժան ու չկոտրվող), տվեք երեխային, թող ինչքան ուզում է կպցնի ու խաղա: Ի դեպ, կարելի է երեխային ոչինչ չասել, այլ նախօրոք կպցնել այնպես, որ ձեռքը հասնի ու հաստատ կողքով անցնելիս կնկատի ու կխաղա:

4. Սկուտեղի (поднос) մեջ լցնում եք շաքարավազ (կամ ուրիշ մանր բան) և երեխան մատիկով վրան «նկարում է»:

5. Տոպրակի մեջ լցնում եք տարբեր բաներ (խաղալիք մեքենա, մատիտ, բանալի, պատառաքաղ և այլն), երեխան պետք է հերթով հանի և առանց նայելու` շոշափելով ասի, թե ինչ է: Եթե մեկից ավել երեխաներ են խաղում, կարող եք ամեն ճիշտ պատասխանը հաշվել որպես մեկ միավոր և վերջում երեխաներից մեկին հաղթող ճանաչել:

6. Սեղանին դնում եք տարբեր իրեր` խաղալիք մեքենա, մատիտ, բանալի, գդալ և այլն ✏️ Երեխային տալիս եք մեկ րոպե ժամանակ դրանք հիշելու համար ⏳: Հետո երեխան շրջվում է, իսկ Դուք այդ առարկաներից մեկը պահում եք: Երեխան պետք է նայի ու փորձի հիշել, թե ինչն է պակասում:

7. Տվեք ձեր փոքրիկ բալիկներին պլաստմասե ափսեներ ու թասեր, նրանք հաճույքով մի որոշ ժամանակ դրանցով կխաղան:

8. Այս մեկը հետաքրքիր է խաղալ 2 երեխաների հետ: Վերցնում եք շատ նկարներով գիրք: Բացում եք կամայական էջ և երեխաներին ասում եք, որ ցույց տան Ձեր ասած նկարը: Հաղթում է նա, ով ավելի արագ է գտնում նկարը:

9. Թղթե նավակներ պատրաստեք, հետո դրեք ջրով լի թասիկի մեջ ու փչելով քշեք:

10. Թղթե ինքնաթիռներ պատրաստեք և տեսեք, թե ումն ավելի հեռու կթռչի:

11. Բոլոր երեխաներն էլ սիրում են անսովոր ու տարօրինակ բաներ: Թող մի անգամ էլ նկարեն գունավոր մատիտների փոխարեն օգտագործելով բնական նյութեր` բանջարեղեն և մրգեր (բազուկ, գազար, բալ և այլն): Շատ չկեղտոտվելու համար կարող եք խոհանոցային (ռեզինե) ձեռնոցներ հագցնել: Իսկ եթե երեխան սիրում է վրձինով նկարել, կարող եք բնական ներկեր պատրաստել` օգտագործելով թեյի գույնը (հատկապես հետաքրքիր է ստացվում «Կառկադե» թեյով), սուրճը և այլն: Կարող եք լիմոնի հյութով էլ փորձեր կատարել!

12. Դեռ չեմ հանդիպել երեխայի, ով չսիրի խաղալ տիպերով (наклейка): Գնեք տարբեր չափերի, գույների, տեսակների տիպեր և նկարչական ալբոմ: Երեխան հաճույքով կզբավի! Ի դեպ, կան տիպեր, որոնք նախատեսված են կահույքի վրա կպցնելու համար ու պոկելուց հետք չեն թողնում!

13. Դոմինոի հատիկները կանգնեցրեք` շարեք իրար հետևից, վերջինը գցեք ու բոլորը շարքով գեղեցիկ կընկնեն: Երեխաները ժամանակի ընթացքում այս խաղը կատարելագործում են:

14. Տուփերից, ստվարաթղթերից, գրքերից և այլ հարմար բաներից խաղալիք մեքենաների համար հետաքրքիր, երկար ու թեք ճանապարհներ ու ցատկահարթակներ կառուցեք: Ի դեպ, երեխաներն իրենք էլ հաճույքով ինքնուրույն կկառուցեն ու կքշեն իրենց մեքենաները:

15. Երեխային տվեք դոմինոներ, խորանարդիկներ, խաղալիք մեքենաներ ու կենդանիներ, թող քաղաքներ, գազանանոցներ, հիվանդանոցներ և այլ հետաքրքիր բաներ կառուցեն: Սովորաբար սա բոլոր երեխաների համար է հետաքրքիր լինում և հարմար է, երբ 1-2 հյուր բալիկներ են լինում: 

 

Ծնողներ ջան, հատուկ ձեզ համար տպագրել ենք «ԽԱՂաԼԻՔԸ» գիրքը, որտեղ հավաքել ենք տանը խաղալու 100 խաղի նկարագրություն :)
Գրքի խաղերը նախատեսված են 1-3, 4-9 և 10+ տարեկան երեխաների և մեծերի համար:

Գիրքը պատվիրելու համար կարող եք գրել գրքի ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/khaghaliqe/ կամ զանգահարել 091 270000 կամ 091 416247 հեռախոսահամարներին:

:)